Sputnik, Լև Ռիժկով
Մոսկվայում տոնեցին DUDUKIST նախագծի հոբելյանը։ Հինգ տարի առաջ երգչուհի Մարինա Սելիվանովան և IT նախագծերի ղեկավար Սուրեն Բաղդասարյանը միավորեցին ուժերն ու Մոսկվայում Դուդուկի միջազգային փառատոն ստեղծեցին։ Sputnik–ի թղթակիցը ներկա է եղել միջոցառմանը։
Բուխարի, հանգստացնող մթնոլորտ, տիեզերական ծրագրեր
Ձմեռային երկար օրերը հաճելի է անցկացնել բուխարու մոտ, փափուկ բազմոցին, տաք վերմակի մեջ փաթաթված։ Մոսկվայի դուդուկահարներն իրենց տոնը նշեցին հարմարավետության հենց այդպիսի մթնոլորտում` Come In լոֆթում, Նովոսպասկի վանքի մոտ, որի ճերմակ պատերն ու աշտարակներն անհավանական գեղեցիկ են ձմռանը։
DUDUKIST նախագծի կազմակերպիչներին շնորհավորելու էին եկել տարբեր մարդիկ։ Ժամանել էին նաև Մոսկվայի «Գավիթ» հայկական թատրոնի արտիստները` գեղարվեստական ղեկավար Համլետ Գալեչյանի գլխավորությամբ։
Շնորհավորելու էին եկել նաև Տիեզերքի թանգարանի աշխատակիցները։ Նրանք ողջունել են DUDUKIST–ի` հայկական դուդուկը միջազգային տիեզերակայան ուղարկելու գաղափարը, որը, ըստ նախագծի ղեկավարի, հնարավոր է` շատ շուտով իրականություն դառնա։
Տոնակատարության հյուրերի թվում կոմպոզիտորներ էին, արտիստներ, բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներ, ծաղկեփնջերով գեղեցկուհիներ։
Երեկոյի աստղերը
Ելույթ ունեցավ Արամ Ավետիքյանը` «Փառքի րոպե» և «Ձայնը» նախագծերի աստղը։ Թեև Արամը դեռ շատ երիտասարդ է, բայց նրա կատարման ոճը ավելի խորն է դարձել։ Թվում է, թե մեծահասակ և շատ իմաստուն մարդ է նվագում։
Ելույթ ունեցավ նաև Մոսկվայի ամենապահանջված դուդուկահար Գեղամ Օհանյանը։ Նրա համերգի տոմսերը վաճառվում են նշված օրից մոտ մեկ ամիս առաջ։ Իսկ այն երջանիկները, որոնց հաջողել է դահլիճում տեղ զբաղեցնել, Օհանյանի կատարմամբ երաժշտությունը լսում են մթության մեջ։ Ասում են` անմոռանալի է։
Տոնակատարությանը ներկա էր նաև մոսկվացի դուդուկահար Սելենան։ Չգրված օրենքի համաձայն` դուդուկ են նվագում հիմնականում տղամարդիկ։ Իսկ Սելենան երիտասարդ, գեղեցիկ կին է։ Կարճ ասած, բացառություն։ Բայց դուդուկի երկրպագուները Սելենային շատ բուռն ու ջերմ են ծափահարում։ Սելենան Sputnik–ի թղթակցին խոստովանում է, որ երեխայի ծնվելուց հետո կարճ ժամանակով համերգների չի մասնակցում, բայց հիմա երեխային հանձնել է հարազատներին ու եկել է դուդուկ նվագելու։
Բուխարու մոտ տաքացած երախտապարտ հանդիսատեսի առաջ ելույթ ունեցան նաև դուդուկահարներ Հարություն Խաչատրյանը, Արսեն Ներսեսյանը, Արտակ Մաթևոսյանը և «Նարոդնի Մախոր» նախագծի աստղ, երգչուհի Եկատերինա Մորոխոտովան։
Նրանք, ովքեր չէին կարողացել Մոսկվա հասնել, նախագծի կազմակերպիչներին շնորհավորեցին տեսաուղերձով։ Ողջույնի խոսքեր հնչեցին Հայաստանից, Սանկտ Պետերբուրգից, Իրկուտսկից և Արաբական Միացյալ Էմիրություններից։
Ի՞նչ չտեսավ հանդիսատեսը
Հինգ տարվա ընթացքում հինգ փառատոն է կայացել։ Երկու անգամ` է Կրեմլում, իսկ 2017 թվականին` Կրեմլի Մեծ պալատի փոքր դահլիճում։ Վերջին փառատոնն անցկացվեց Մոսկվայի պլանետարիումում։
Բնականաբար, ամեն ինչ չէր, որ հարթ էր։ Իհարկե, առաջանում և հաղթահարվում էին տարատեսակ բարդություններ և թերություններ։
2016 թվականին, օրինակ, դուդուկի փառատոնը տեղի ունեցավ «Մոսկվիչ» մշակութային կենտրոնում։ Այնտեղ պտտվող կլոր բեմ կար։ Եվ փառատոնի համերգի երկրորդ գործողության ժամանակ այն պետք է շրջվեր։ Մտահղացման համաձայն` այդպես պետք է բեմ դուրս գար սիմֆոնիկ նվագախումբը։ Սակայն ընդմիջման ժամանակ պարզվեց, որ մեխանիկան փչացել է, և բեմը չի շարժվում։
«Կրիտիկական իրավիճակ էր։ Չէ՞ որ նվագախմբի ձայնն արդեն կարգավորել էին, իսկ վերակարգավորելը արագ գործ չէ, առնվազն 30-40 րոպե», – հիշում է Սելիվանովան։
Ոչ ոք չգիտեր` ինչ պետք է անել նման իրավիճակում։ Թվում էր թե ամեն ինչ կորած է, բայց օգնության հասան թատերասերները։
«Փառատոնը փրկեց «Գավիթ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Համլետ Գալեչյանը։ Նա ծանոթ էր բեմի այդպիսի կոնստրուկցիային։ «Պետք է բեմի տակ մտնել և հրել», – համոզված ասաց նա։ Եվ ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ ուժերով և որքան մարդ էր ներգրավվել, բայց բեմի այդ կլոր հատվածը նվագախմբի հետ սահուն շրջվեց։ Ոչ ոք նույնիսկ չկռահեց, որ խնդիր է ծագել», – ասում է Բաղդասարյանը։
Կախարդական հնչյունների գաղտնիքը
DUDUKIST նախագծի տոնը հաջող անցավ։ Այս հոդվածի հեղինակն այնտեղ հասավ երեկոյան, ծանր աշխատանքային օրվանից հետո, հոգնած և բարկացած։ Բայց հենց հնչեց դուդուկի դյութիչ ձայնը, ամբողջ հոգնածությունն անմիջապես հօդս ցնդեց, ձանձրույթն անհետացավ, աշխարհը կրկին հիասքանչ դարձավ։
Եվ դա իր բացատրությունն ունի։ Զուր չէ ՅՈՒՆԵՍԿՕ–ն հայկական դուդուկի հնչողությունը մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչել։
«Մարդու 90%–ը կազմում է ջուրը։ Իսկ դուդուկի ձայնը այդ ջրի վրա ակուստիկ ազդեցություն է թողնում, որի ազդեցության տակ ատոմները վերադասավորվում են, փոխվում է բյուրեղային վանդակների կառուցվածքը», – պատմեց երաժիշտներից մեկը։
Արդյունքում մարդը սկսում է իրեն լավ զգալ և ավելի հեշտ է ամեն ինչ հաղթահարում, օրինակ` սթրեսային իրավիճակները։