ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում մահացել է հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Երամիշի Եղիազարյանը: Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 06:15-ի սահմանում կալանավորված անձ 51-ամյա Մհեր Եղիազարյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով հրավիրվել է շտապօգնություն, բժիշկները ժամը 06։35-ի սահմանում արձանագրել են նրա մահը։
Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ցավակցություն է հայտնում մահացածի հարազատներին։
«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը Facebook սոցիալական ցանցում գրել է, որ Մհեր Եղիազարյանը 44 օր հացադուլ էր հայտարարել:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը կաշառք տալու և առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով ձերբակալվել էր անցած տարվա դեկտեմբերին։