ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հնարավոր է` նավթամթերքի ներմուծման շուկայում առաջիկայում նոր ընկերություն հայտնվի: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը` նշելով, որ այդ ընկերությունը պատկանելու է ՍԻԼ ընկերության սեփականատեր Խաչատուր Սուքիասյանին։
«Նա այժմ նավթամթերքի պահեստարան է կառուցում և մտադիր է ավարտելուց հետո մտնել նավթամթերքի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ շուկա»,– գրում է թերթը:
Պարբերականը նշում է, որ բենզինի և դիզվառելիքի վերջին էժանացումները կարող են կապված լինել հենց այս հանգամանքի հետ։ Վառելիքի շուկայի խաղացողները սրանով ուզում են Սուքիասյանին հասկացնել, որ այդ ոլորտում եկամուտներն այնքան էլ մեծ չեն, և ներդրումները չեն կարող բերել սպասված արդյունքի: