ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ընդունված է համարել, որ նախկին պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցած քրեական գործից հետո այն գործարարները, որոնք նախկինում չէին կարողանում այս կամ այն բիզնեսով զբաղվել, հիմա հանգիստ շունչ են քաշում, որովհետև բիզնեսի որոշ տեսակները գեներալի «արտոնյալ շահերի գոտին» էին համարվում։
Նման ոլորտներից մեկը փաթեթավորման բիզնեսն է, որը գեներալի հետ կապված պատմությունից հետո դուրս եկավ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանից։ Հիմա օդանավակայանի ճանապարհին, իրարից շատ քիչ հեռավորության վրա մի քանի կետեր են գործում, որտեղ ավելի մատչելի գներով են փաթեթավորում ուղևորների ճամպրուկները։
Նախկինում այստեղ նման բան չկար, ճամպրուկներն ու բեռները փաթաթում էին անմիջապես օդանավակայանի սրահում, իսկ այդ ծառայությունը մատուցում էր մեկ այլ ընկերություն, որտեղ Գրիգորյանն իր մասնաբաժինն ուներ։ Գեներալի կալանավորումից հետո ոչ միայն ընկերությունը լքեց «Զվարթնոցի» տարածքը, այլև մերձակայքում փաթեթավորման այլընտրանքային կետեր հայտնվեցին։ ԶԼՄ–ներում վերջերս լուրեր էին տարածվել, թե մերձակա տարածքում գտնվող կետերն էլ են Գրիգորյանինը, և նա իբր իր գործը օդանավակայանից այստեղ է տեղափոխել։ Բանն այն է, որ ընկերությունը «Զվարթնոցը» լքել էր անցած տարվա հունիսին, իսկ այլընտրանքային կետերը հայտնվել էին օգոստոս–սեպտեմբերին։
Իրավիճակը պարզելու նպատակով Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցեց այդ օբյեկտներից մի քանիսի սեփականատերերի և աշխատակիցների հետ։ Նրանք հերքեցին Գրիգորյանի հետ կապ ունենալու փաստը, հետո հասկացրին, որ նախկինում ուզել են զբաղվել այդ գործով, բայց չեն կարողացել, որովհետև «դե գիտեք` ինչ երկրում էինք ապրում»։ Այսօր նրանք որևէ ֆորմալ և ոչ ֆորմալ արգելքներ չունեն այդ գործն անելու համար, բայց ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան կցանկանային։ Առաջին կետը բացելուց հետո այս տարածքում սկսեցին նմանատիպ կետեր բացել նաև ուրիշ մարդիկ։ Մեզ հետ զրույցում սեփականատերերը դժգոհեցին, որ մրցակցությունը մեծ է, նրանք երբեմն խանգարում են միմյանց։
Կետերից մեկի սեփականատեր Աշոտն ասաց, որ առաջին իսկ օրից ազնիվ ու օրենքով է աշխատել, հարկային օրենսդրության հետ խնդիրներ չունի։ Մինչ մենք զրուցում էինք, մի հաճախորդ մոտեցավ և խնդրեց փաթեթավորել իրերը։ Մեզ հետ զրույցում էլ ասաց, որ շատ գոհ է, քանի որ տղերքը շատ որակով են աշխատում, ծառայությունն ավելի մատչելի է, քան օդանավակայանի տարածքում։ «Իսկ դա ամենակարևոր չափանիշն է»,– ասաց տղամարդը։
Ի դեպ, գների մասին։ Օդանավակայանում մեկ պայուսակը փաթեթավորում են 2 հազար դրամով, իսկ այստեղ` կես գնով։ Դրա համար էլ ուղևորները գոհ են։
Մենք այցելեցինք նաև «Զվարթնոց» օդանավակայան։ Մանվել Գրիգորյանի ընկերության հեռանալուց հետո այստեղ այլ մարդիկ են փաթեթավորման բիզնեսով զբաղվում։ Նոր ընկերությունը, որը կոչվում է Ongart LLC։ Շատ մեղմ կհնչի, եթե ասենք, որ փողոցում գործող փաթեթավորման կետերը «խփում են» ընկերության գործին։ Բայց այստեղ համոզված են, որ իրենց մոտ փաթեթավորման նյութերն ավելի որակյալ են։ Բացի այդ, օդանավակայանում ավելի հարմար է, քանի որ ուղեբեռի ավելցուկի պատճառով միշտ վտանգ կա, որ գրանցման ժամանակ ուղևորները ստիպված կլինեն դատարկել այն և կրկին փաթեթավորել։ Այդ դեպքում փաթեթավորողները երկրորդ անգամ գումար չեն վերցնում։
«Մեզ մոտ հաճախ են գալիս մարդիկ, որոնք իրենց ճամպրուկները փաթեթավորել են դրսում, բայց նրանց չեն զգուշացրել, որ, օրինակ, սահմանված 23 կգ անվճար ուղեբեռը մեկ պայուսակին է վերաբերում։ Դա արվում է այն նպատակով, որպեսզի բեռը երկու մասի կիսեն ու ավելի շատ գումար վերցնեն։ Ուղևորը գալիս է գրանցվելու, նրան ասում են, որ ավելորդ պայուսակի համար կա՛մ պետք է լրացուցիչ վճարի, կա՛մ երկուսը միավորի մեկ տոպրակի մեջ։ Եվ այդ ժամանակ ուղևորը ստիպված է լինում մեզ մոտ փաթեթավորել և հավելյալ գումար ծախսել», – ասում է «Զվարթնոցի» փաթեթավորողներից մեկը։
Հետաքրքիր է, որ փողոցային փաթեթավորման կետերի բացվելուց հետո օդանավակայանում նմանատիպ ծառայությունների գները փոքր–ինչ նվազել են։ 2018 թվականի սեպտեմբերից առաջ փաթեթավորումն արժեր 2500 դրամ, հետո դարձավ 1500 դրամ, իսկ անցած տարվա դեկտեմբերից, ինչպես արդեն նշեցինք, 2 հազար դրամ է։