ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նրա նկատմամբ կալանքի որոշումը բողոքարկելու համար դիմել են Վերաքննիչ դատարան։ Բողոքը ներկայացվել է հունվարի 18-ին, բայց Վերաքննիչ դատարանը մինչև այսօր բողոքի քննությունը չի սկսում։
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խումբը պարզել է, որ վերաքննիչ դատարանի նիստ չհրավիրելու պատճառն այն է, որ դատարանը մինչ օրս առաջին ատյանի դատարանից գործի նյութերը չի ստացել։
«Որոշումը թեև տրամադրվել է պաշտպաններին, սակայն մինչ այժմ անհասկանալի պատճառներով այն գործի նյութերի հետ չեն փոխանցվել Վերաքննիչ քրեական դատարան, ինչի հետևանքով դեռևս 21․01.2019 թ․ պաշտպանների կողմից այդ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը չի սկսվում»,– նշված է փաստաբանական խմբի տարածած հայտարարության մեջ:
Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշումը պաշտպաններին տրամադրվել է 21.01.2019 թ․ աշխատանքային օրվա ավարտին՝ պաշտպանների կողմից դատարանին լրացուցիչ գրություն ներկայացնելուց հետո:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել պաշտպանների` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին միջնորդությունը: