ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր տնօրեն Արման Հովակիմյանը փակում է բուժհաստատության տարածքում գործող բոլոր բուֆետները: Այս մասին գրում է«Ժողովուրդ» օրաթերթը։
Բժշկական կենտրոնի նախկին աշխատակից Գարիկ Ղանդևոսյանը թերթին պատմել է, որ արդեն փակվել են հիվանդանոցի ու ծննդատան բուֆետները, և այժմ հերթը պոլիկլինիկայում գործող բուֆետինն է։
Ըստ Ղանդևոսյանի` խոսքը մոտ 20 քմ տարածքի մասին է, որն ինքը վարձակալել է ամսական 25 հազար դրամով: Բայց նոր տնօրենը վերջերս իր մոտ է կանչել և զգուշացրել, որ վարձակալության չափը տասն անգամ ավելացնում է՝ սահմանելով 250 հազար դրամ: «Հնարավոր չէ այդ փոքր տարածքը վարձակալելու համար 250 հազար դրամ վճարել այն դեպքում, երբ օրվա մեջ 5-6 հազար դրամի առևտուր չի լինում»,- թերթի փոխանցմամբ ասել է Ղանդևոսյանը:
Հիվանդանոցից հաստատել են բուֆետը փակելու փաստը` նշելով, որ շենքային պայմաններից ելնելով` որոշվել է այդ տարածքն օգտագործել այլ նպատակով։
Արման Հովակիմյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել 2018-ի դեկտեմբերին։