ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Գրիգորյանը կալանավայր էր ժամանել իր մասնավոր ավտոմեքենայով` թիկնապահի ու վարորդի ուղեկցությամբ։ Նրան ՔԿՀ-ի մուտքի մոտ դիմավորեցին ու ներս ուղեկցեցին իրավապահները։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ՀՀ գլխավոր դատախազության բողոքը` մերժելով Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։
Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ կայացած դատական նիստում որոշվեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց թողնել կալանավորումը։
Գրիգորյանի պաշտպանները դատարանից հեռացան հետնամուտքով ու մինչև այս պահն անհասանելի են լրագրողների համար։
2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:
Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը։
Ավելի ուշ այն փոխարինվել էր 25 մլն դրամ գրավով։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը Վերաքննիչ դատարանում` պահանջելով նրա նկատմամբ ուժի մեջ թողնել կալանավորման որոշումը։