ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Փարիզի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում բացվել է «Հայաստան, Երևան» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցի աշխատանքները։
Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց «ՄԵՆՔ» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Պավել Սարգսյանը, ցուցահանդեսը պայմանականորեն բաժանված է մասերի՝ Հայաստանի տեսարանները՝ նկարված թռչնի թռիչքի բարձրությունից, ժամանակակից և հին Երևանի լուսանկարները, ինչպես նաև Հայաստանի մայրաքաղաքի մարդկանց լուսանկարները։ Հենց վերջին մասում են տեղ գտել Եսայանցի լուսանկարները՝ արված «Շաբաթվա մարդիկ» նախագծի շրջանակում։
Լուսանկարները երկու օր կցուցադրվեն եկեղեցում, իսկ հունվարի 21-ից արդեն տեղ կգտնեն Փարիզի «Յանս» ակումբում։ Ցուցահանդեսը կազմակերպել է «ՄԵՆՔ» հիմնադրամը՝ Հայաստանի մշակույթի նախարարության և Հայ առաքելական եկեղեցու աջակցությամբ։
Նշենք, որ «Շաբաթվա մարդիկ» հեղինակային նախագիծը մեկ տարի շարունակ Sputnik Արմենիայի ընթերցողներին ներկայացրել է Երևանի բնակիչների կամ հյուրերի մասին պատմություններ և լուսանկարներ։ Նախագծի շրջանակում «հայկական» դեմքերից բացի հայտնվել են ֆոտոպատմություներ Կաննի կինոփառատոնից, Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերից։ Ի դեպ, Ասատուր Եսայանցը բոլոր հերոսներին նկարել է քաղաքում նրանց սիրելի վայրերում։