ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը կայացել է հունվարի 16-ին Փարիզում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս մասին հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում:
«Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության լուծման խաղաղ ուղիներ որոնելու կողմերի հանձնառությունը, և, մասնավորապես, ողջունում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին նախարարների համաձայնությունը: Գլխավոր քարտուղարը վերահաստատում է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ հունվարի 16-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Հանդիպումից հետո ԵԱՀԿ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, քննարկվել է Արցախի հարցերով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման կազմակերպման հնարավորությունը։
«Նախարարներն ու համանախագահները ուսումնասիրել են հետևյալ քայլերը` Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև հավանական գագաթնաժողովի կազմակերպման ճանապարհին, բանակցությունների դինամիկային ուժեղ խթան հաղորդելու համար: Համանախագահները մտադիր են առաջիկայում հանդիպել երկու երկրների առաջնորդների հետ», – ասված է հայտարարության մեջ։
Համանախագահներն ընդգծել են նաև բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։