ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, Սեմերիկովի շնորհավորանքում ասված է, որ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները վերահաստատում են Փաշինյանի հայտարարված ժողովրդավարական խորը բարեփոխումների նկատմամբ Հայաստանի ժողովրդի հույսերը, և այն, որ ժողովուրդը պատրաստ է մասնակցել դրանց իրականացմանը՝ հանուն սեփական երկրի լավ ապագայի:
«Վստահ եմ, որ հենվելով այդ աջակցության վրա՝ ձեր գլխավորած կառավարությունը կհասնի զգալի առաջընթացի ՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»,– ասված է ուղերձում:
Սեմերիկովը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի հետ շարունակվելու և ակտիվացվելու է համագործակցությունը ՀԱՊԿ ձևաչափում՝ կազմակերպության հետագա զարգացման և ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության ապահովման ներուժի բարձրացման ուղղությամբ՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ արդեն շնորհավորել են Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները, Վրաստանի վարչապետը, Շվեդիայի փոխվարչապետն ու Արցախի նախագահը։