ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Ապօրինի զենք-զինամթերք ու սառը զենք պահելու կասկածանքով կրելու կասկածանքով մարդիկ են բերման ենթարկվել։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, երեկ` հունվարի 12-ին, ժամը 22-ն անց 15-ի սահմաններում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկից մեքենաներով հանդերձ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 42-ամյա Ա. Հ.-ին և նրան ուղեկցող անձանց՝ ապօրինի զենք-զինամթերք ու սառը զենք պահելու, կրելու կասկածանքով:
Բերման ենթարկվածներից երկուսի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 23 և 21.5 սմ երկարությամբ դանակներ:
Ռուսական համարանիշներով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 20 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ, 12մմ տրամաչափի 6 և 5.45մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված տարբեր տեսակի երկու հրազեն:
Հայկական համարանիշերով «Տոյոտայի» զննությամբ ևս հայտնաբերվել է նույն տեսակի երկու հրազեն և 12մմ տրամաչափի 7 փամփուշտ:
Հայտնաբերվածը վերցվել է: Նշանակվել են փորձաքննություններ:
ԶԼՄ–ների տվյալներով` բերման ենթարկվածը քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյն է (Արտյոմ Հարությունյան)` իր անվտանգության աշխատակիցներով։