ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Գյումրու թիվ 18 դպրոցում հունվարի 12–ի առավոտյան շինարարություն իրականացնող ընկերության վարպետները, բացելով դպրոցի սպորտդահլիճի դուռը, նկատել են, որ նոր տեղադրված ջեռուցման մարտկոցները չկան:
Տնօրենը՝ Շողիկ Ալեքսանյանը, տեղեկանալով այդ մասին, անմիջապես դիմել է իրավապահ մարմիններին:
«Արագ դիմեցինք ոստիկանություն, հիմա քննչական գործողություններ են կատարվում՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Շողիկ Ալեքսանյանը:
Ի դեպ, ջեռուցման համակարգ դպրոցում նոր էր անցկացվում. նոյեմբերի 16-ից դասերը դադարեցված էին՝ ջեռուցման բացակայության պատճառով: Հին համակարգի վթարի հետևանքով դպրոցի ցուրտն աշակերտներին և ծնողներին ստիպել էր դիմել դասադուլի: Ստեղծված իրավիճակը շտկելու համար դպրոցում հարկադիր պարապուրդ հայտարարվեց մինչև դեկտեմբերի 17-ը: Սակայն աշխատանքների ձգձգման պատճառով դասերի վերսկսման ժամկետ էր նշանակվել նախ հունվարի 8-ը, ապա հունվարի 14-ը, իսկ բացթողնված դասերը պետք է լրացվեին երկրորդ կիսամյակում: Աշխատանքներն արդեն ավարտված էին:
Ինչպես արդեն նշել ենք, դպրոցի տնօրենը աշխարհահռչակ ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մայրն է: