ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ոստիկանության Արմավիրի բաժինը երեկ` հունվարի 11-ին, ահազանգ է ստացել, որ Արմավիր քաղաքի հացի գործարանում գողություն է կատարվել. պահակին խփել են և չեն կարողանում նրան օգնել։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիր քաղաքի բնակիչ, 61-ամյա Գեղեցիկ Գաբրիելյանն է։
Իրավապահները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ պարզել են նաև, որ Գ. Գաբրիելյանը իր աղջկա՝ նույն հասցեի բնակիչ, 26-ամյա Հրածին Գաբրիելյանի հետ հերթական անգամ գողություն կատարելու նպատակով մուտք է գործել նշված գործարանի չգործող մակարոնի արտադրամաս, որտեղ մոտ 5 մետր բարձրությունից Գ. Գաբրիելյանը ընկել է և գլխի ծոծրակային շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։