ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ԱՄՆ–ը ձեռնամուխ է եղել Սիրիայից ռազմական տեխնիկայի տեղափոխմանը` արաբական հանրապետությունից զորքերը դուրս բերելու մասին ծրագրի համաձայն։ Այդ մասին հաղորդում է CNN–ը` հղում անելով իր աղբյուրներին։
Դեկտեմբերի 19–ին Թրամփը հայտարարել է Սիրիայում ահաբեկիչների նկատմամբ հաղթանակ տանելու մասին։ Ավելի ուշ հաղորդագրություն է հայտնվել արաբական հանրապետությունից զորքերը դուրս բերելու ԱՄՆ–ի նախագահի որոշման մասին։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, վերջին մի քանի օրերի ընթացքում ամերիկացիները դուրս են բերել «ցամաքային ռազմական տեխնիկայի» առաջին խմբաքանակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ–ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը մշակել է Սիրիայից զորքերը դուրս բերելու ճկուն գրաֆիկ, այն կախված է «Իսլամական պետության» լիակատար չեզոքացումից և երկրի տարածքում քրդերի անվտանգությունից։