ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Մոսկվայում հայկական կաթոլիկ եկեղեցի կկառուցվի։ Այս մասին հայտնում է Մոսկոմստրոյինվեստի կայքը։
Նշվում է, որ քաղաքաշինական–հողատարածքային հանձնաժողովը` Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի գլխավորությամբ, 2018 թվականի դեկտեմբերի 27–ին հավանություն է տվել հարավային Բուտովո շրջանում եկեղեցու շինարարության համար հողատարածք տրամադրելու որոշմանը։
«0,7 հա մակերեսով հողատարածքը հայկական կաթոլիկ եկեղեցուն անհատույց օգտագործման կփոխանցվի 9 տարի ժամկետով` եկեղեցու ու ծխական կրոնական մշակութային կենտրոնի նախագծման ու կառուցման համար», – այս մասին հայտնել է Մոսկոմստրոյինվեստի նախագահի պաշտոնակատար Անաստասիա Պյատովան։
Հայտնում են, որ եղկեղեցու ընդհանուր մակերեսը կարող է կազմել 1000 քառակուսի մետր, իսկ ծխատան մակերեսը` 850 քառակուսի մետր։