ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. 2018թ. Հունվարի 23-ից մինչ օրս կովկասյան ընձառյուծը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Այս մասին հայտարարել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը` անդրադառնալով 09.01.2019թ. Լուրեր 1 TV (Լուրեր) կողմից «Խոսրովի արգելոցում նկատված ընձառյուծը հասել է Վայոց ձորի մարզ» տարածված տեսանյութին։
«Համապատասխան մասնագետներն անցկացրել են համեմատականներ երկու ընձառյուծների միջև, որից պարզվեց, որ Վայոց Ձորում նկարահանված ընձառյուծը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող ընձառյուծը չէ, այլ ուրիշ կենդանի է՝ երիտասարդ, բայց ոչ 5-6 տարեկան: Միաժամանակ հայտնում ենք, որ կերի բազայի առկայությունը, խստացված հսկողությունը նպաստում են կովկասյան ընձառյուծի մշտական բնակությանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Այն տարածքներում, որտեղ նկատվել է ընձառյուծն արգելվում են նաև զբոսաշրջիկների մուտքը»,–ասված է հայտարարության մեջ:
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը իր ուրախությունն է հայտնել այն փաստի առթիվ, որ Վայոց Ձորի տարածքում ևս հայտնվել է մեկ այլ ընձառյուծ:
«Հպարտ ենք, որ 2019 թվականը ՀՀ հռչակվել է կովկասյան ընձառյուծի տարի, ի պատիվ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հայտնված Լեոյի (կովկասյան ընձառյուծ)»,–նշված է հայտարարության մեջ: