ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մոտ երկու ամսից կհանդիպեն։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Նախապատրաստվում է Զոհրաբ Մնացականյան - Մայք Պոմպեո հանդիպումը։ Այն տեղի կունենա շուրջ երկու ամսից, Վաշինգտոնում: Սա հայ-ամերիկյան լճացած հարաբերություններում կարող է լուրջ խթան հանդիսանալ, եթե երկկողմ օրակարգը վերաիմաստավորվի: Նման ձևաչափի (Պետքարտուղար-ԱԳ նախարար պետդեպում) հանդիպում վերջին անգամ տեղի է ունեցել 2013թ.»,– գրել է նա:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այս պահի դրությամբ Մնացականյան-Պոմպեո ֆիքսված հանդիպում նախարարի օրակարգում չկա:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԳ նախարարի՝ իր գործընկերների հետ հանդիպումների նշանակման դեպքում հանրությունը, ըստ կարգի, տեղեկացվում է»,– ասաց նա։
Նաղդալյանը խնդրեց նմանօրինակ հարցերում հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա: