ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցի 74 հասցեում գտնվող, Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող, 3 հա մակերեսով հողատարածքը, որի կադաստրային արժեքը 135 720 000 դրամ է, այսօր կառավարության որոշմամբ որպես նվիրատվություն հատկացվեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը։ Նվիրատվության նպատակը ինժեներական քաղաքի ստեղծման նախագծի իրագործումն է։
Ըստ նախագծի` տարբեր կազմակերպություններին անհատույց տարածքներ են հատկացվելու, ընդ որում, լինելու են նվիրատվության պայմանագրեր, որպեսզի հողը և դրա վրա իրականացվող կառուցապատումները պատկանեն տվյալ ընկերություններին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, նախագիծը ներկայացնելիս, հայտնեց, որ պետությունը հողի ոչ նպատակային օգտագործման դեպքում պետությունն իրավունք կունենա հետ վերցնել այն։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցի, թե երբ նախագիծը կլինի իրականացված, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց.«2020թ-ի ավարտին, 2021թ-ի սկզբին նախատեսվում է ունենալ ինժեներական քաղաքն ավարտուն տեսքով»։
Ի դեպ, ինժեներական քաղաքն արդեն իսկ կառուցման փուլում է։ Այնտեղ արդեն գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ: Ինժեներական քաղաքում գործող մասնավոր ընկերություններն արդեն կառուցել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի, Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները:
Կառավարության նախկին հայտարարությունների համաձայն` այստեղ նախատեսվում է ստեղծել ինժեներական ուղղվածությամբ դպրոցներ, ուսումնահետազոտական կազմակերպություններ։ Ընթացքի մեջ է նաև երեխաների համար նախատեսված տեխնոպարկի շինարարությունը: Ծրագրով նախատեսվում են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, ստարտափների հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ: