ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հունվարի 8-ին նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակվածներից մեկը` 39-ամյա Գոռ Հակոբյանը ձերբակալվեց: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա նաև նշել է, որ երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցված քրեական գործը նախաքննություն իրականացնելու համար ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե։
Ձերբակալված Գոռ Հակոբյանը դեպքից հետո ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել էր բաժին, ապա փոխանցվել ռազմական ոստիկանությանը։
Դեպքի մյուս մասնակիցը` 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը փախուստի մեջ է։ Մյուս մասնակիցների ինքնությունը պարզվում է։
Հիշեցնենք` երեկ մի խումբ երիտասարդներ կանգնեցրել էին զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսը, ներս մտել ու քաշքշոց սկսել` անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով։