ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հունվարի 8-ին նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման մասնակից, 22-ամյա Մերուժան Վարուժանի Ոսկանյանը ներկայացել է ռազմական ոստիկանություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Քիչ առաջ ՌՈ ներկայացավ նաև երեկվա միջադեպի մասնակից Մերուժան Վարուժանի Ոսկանյանը»,– Facebook սոցիալական ցանցում գրել է նա։
Ոսկանյանը նախկինում դատապարտված է եղել, և դեպքից հետո նա թաքնվում էր արդարադատությունից։
Մինչ այդ ձերբակալվել էր միջադեպի մեկ այլ մասնակից, 39- ամյա Գոռ Հակոբյանը, որը ներկայացել էր իրավապահներին:
Հիշեցնենք` երեկ մի խումբ երիտասարդներ կանգնեցրել էին զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսը, ներս մտել ու քաշքշոց սկսել` անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում դեպքի առթիվ հարուցված քրեական գործը նախաքննություն իրականացնելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։