ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Արարատի ոստիկանները Հայաստանը լքելու պահին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են Արարատում քաղաքացիների ուղղությամբ կրակած Ժորա Գասպարյանին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Արարատ քաղաքի Բանավան 4-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ժորա Գասպարյանին հայտնաբերել են երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 22։30-ի սահմանում ու բերման են ենթարկել Ոստիկանության Արարատի բաժին։
Հետո նրան տեղափոխել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ Toyota Prado մակնիշի ավտոմեքենան և որսորդական ողորկափող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք` հունվարի 5-ին, 23։30-ի սահմանում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Բանավանի 4-րդ շենքի մոտ կրակոցներ էին հնչել։
Ոստիկանները պարզել էին, որ նշված շենքի հարակից տարածքում Բանավանի 4-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ժորա Գասպարյանը իր վարած Toyota Prado մակնիշի 10 QR 010 համարանիշի ավտոմեքենայի միջից իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակոցներ էր արձակել Բանավանի բնակիչ, 67-ամյա Հենզել Սիմոնյանի և նրա հետ կանգնած քաղաքացիների ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով Հ. Սիմոնյանի որդին՝ նույն թաղամասի բնակիչ, 32-ամյա Սարուխան Սիմոնյանը, ոտքի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք։
Կրակոցներից մեկն էլ դիպել էր Բանավանի բնակիչ, 60-ամյա Սամվել Գասպարյանի ձախ ձեռքին։ Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել էին 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտի 2 պարկուճ։