ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում խոշոր չափի գողություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, դեպքը տեղի է ունեցել տոն օրերին։
Սարուխան գյուղի գյուղապետ, 59-ամյա Լյովա Աբրահամյանը դիմել է ոստիկանության Գավառի բաժին` հայտնելով, որ հունվարի 4-ին, ժամը 22։30-ից մինչև հունվարի 5-ի 10։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են գյուղապետարանի առաջին հարկի պատուհանը, ներս մտել շենք, ապա կոտրել գանձապահի աշխատասենյակի դուռը, մտել ներս, կոտրել չհրկիզվող մետաղյա պահարանի դուռը և հափշտակել խոշոր չափի գումար։
Կայքի տեղեկություններով` չհրկիզվող պահարանից հափշտակվել է գյուղացիներից հավաքված, գույքահարկից գոյացած շուրջ 700 000 դրամը։