ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այցելել է Արցախ, եղել առաջնագծում։
Ինչպես տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 31-ին, ՊԲ զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով, Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ եղավ ՊԲ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերում և առաջնային գծում:
Նախքան անձնակազմի հետ հանդիպելը, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները մասնակցել են Արցախի հարավային սահմանահատվածում տեղի ունեցած «Սահմանապահ խաչքարի» բացման հանդիսավոր արարողությանը, այնուհետև եղել մարտական հենակետերում:
Դիրքապահ անձնակազմի հետ ունեցած շփումների ընթացքում պաշտպանության նախարարներն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյանները ջերմորեն շնորհավորելով մարտական հերթապահություն կրող զինծառայողների Նոր տարին և վերջիններիս հանձնելով ամանորյա նվերներ, միաժամանակ հետաքրքրվեցին տեղերում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակով:
Շրջայցի ընթացքում նախարարները եղան նաև ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում, այդ թվում՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, որտեղ հանդիպեցին բուժման մեջ գտնվող զինվորներին և վերջիններիս մաղթեցին արագ և լիարժեք ապաքինում: