ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից ավտոմեքենաներից մեկը առևանգված էր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 26-ին, ժամը 23.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար էին բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները. «Մերսեդեսի» 50-ամյա վարորդ Էդվարդ Քոչարյանը և 43-ամյա ուղևոր ՆվերՄելքոնյանը տեղում մահացել են, իսկ նույն մեքենայի 42-ամյա ուղևորուհին և «Լեքսուսից» դուրս բերված 2 տղամարդիկ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Լենինգրադյան փողոցից փախցրել են իր ավտոմեքենան:
Մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի 31/1 հասցեի մոտից փախցրել են ոստիկանություն դիմած տղամարդու «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան և վթարի ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն: