ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Ռուսաստանի միջև աճում է, պետք է պահպանել այդ դինամիկան։
Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։
«Մեր հարաբերությունները պետք չէ բնութագրել։ Դա իսկապես դաշնակիցների շատ բովանդակալից հարաբերություններ են», – նշեց ՌԴ նախագահը։
Պուտինը նշեց, որ Ռուսաստանը շարունակում է առաջին տեղը զբաղեցնել օտար երկրների հետ Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցության մեջ։
Ռուսաստանի նախագահը նշեց, որ 2017 թվականին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 30%–ով, իսկ այս տարվա տասը ամիսների ընթացքում` ևս 17,5%–ով։
Պուտինը նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ Հայաստանի հետ հարաբերությունների ներկայիս մակարդակը պահպանելու համար։ Նա ավելացրեց, որ խոսքը ոչ միայն տնտեսական համագործակցության, այլև այլ ոլորտների մասին է, օրինակ` անվտանգության ապահովման։
Նա նշեց, որ երկկողմանի օրակարգը շատ հագեցած է։
Նշենք, որ Փաշինյանը Մոսկվա է ժամանել այսօր՝ դեկտեմբերի 27–ին աշխատանքային այցով։