ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Երևան–Գյումրի–Երևան երկաթուղին առաջիկայում կհամալրվի նոր ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքով։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը։
«Ռուսաստանից դեպի Հայաստան է ճանապարհ դուրս եկել նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքը (ЭП2Д): Ռուսաստանյան «Տրանսմաշհոլդինգ» ընկերության գնացքը կլինի թվով երկրորդը ՀԿԵ-ում և Հայաստանում թեստավորումից հետո գործարկվի 2019 թվականի I եռամսյակում Երևան-Գյումրի-Երևան երթուղիով»,– գրել է նա։
Գրդզելյանի խոսքով` էլեկտրագնացքը հարմարավետ է նաև հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար, կահավորված է վերելակներով, որոնց շնորհիվ սայլակներով տեղաշարժվող ուղևորները կարող են բարձրանալ և իջնել վագոններից։
Երկու վագոնից կազմված էլեկտրագնացքը ունի մոտ 130 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, Wi-Fi։
Հիշեցնենք` փետրվարի 27-ին Երևանի երկաթուղային կայարանից առաջին անգամ դեպի Գյումրի մեկնեց Երևան-Գյումրի-Երևան նոր ЭП2Д էլեկտրագնացքը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն այն ձեռք է բերել ռուսական «Տրանսմաշհոլդինգ» արտադրող ընկերությունից:
Էլեկտրագնացքն աշխատում է ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին Գյումրիից վերադառնալով մայրաքաղաք:
Նոր էլեկտրագնացքին զուգահեռ Երևան-Գյումրի-Երևան երթուղու մյուս ուղերթերը սպասարկվում են հին շարժակազմով` ավելի երկարատև ուղերթով ու ավելի էժան ուղեվարձով։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2008 թվականի հունիսի 1-ից։
2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր՝ հայկական երկաթուղին «ՀԿԵ» ՓԲԸ-ի կառավարմանը հանձնելու մասին։ Պայմանագրի համաձայն՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, որից քսանի լրանալուց հետո հաջորդ տասը տարին` կողմերի փոխադարձ համաձայնությամբ։