ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, նախանձելի փեսացու Հենրիխ Մխիթարյանի անձնական կյանքը շատերին է հետաքրքրում, բայց ֆուտբոլիստը սովորաբար չի խոսում այդ մասին։
Մի քանի ամիս առաջ լուրեր տարածվեցին, թե նա հանդիպում է «Գրանդ հոլդինգի» հիմնադիր Հրանտ Վարդանյանի թոռան հետ։ Եթե սկզբում բոլորը մտածում էին, որ դա ընդամենը ենթադրություն է, ապա հիմա մտածելու տեղ ունեն նույնիսկ հոռետեսները։
Բանն այն է, որ Բեթի Վարդանյանը լուսանկարներ է հրապարակել սուրբծննդյան երեկոյից։ Այս մասին գրում է Ռուսարմինֆոն։
Ինչպես գրում է պարբերականը, հրապարակված լուսանկարներից մեկում Լոնդոնի «Արսենալի» խաղացողը ստորագրում է անվանական մարզաշապիկը։
Մեկ այլ լուսանկարում Բեթին մոր` Մարինա Տաշչյանի և Հենրիխի քրոջ` Մոնիկա Մխիթարյանի հետ է։
Նշենք, որ Սուրբ ծնունդն ընդունված է դիմավորել ընտանիքի հետ։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանվել է գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթիի հետ։ Սակայն այդ լուրը մինչև հիմա պաշտոնապես չի հաստատվել։