ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Նկարիչ և դիզայներ Արմեն Երիցյանն արդեն երկար ժամանակ ուրախացնում է սոցիալական ցանցերի օգտատերերին իր հետաքրքիր գաղափարով։ Նա հրապարակում է գեղեցիկ ձևավորված նախաճաշի լուսանկարներ և «քարոզում» ճաշատեսակների մատուցման հանդեպ ստեղծագործ մոտեցում։
View this post on Instagram
Երիցյանի առավոտը սկսվում է մի բաժակ անուշաբույր սուրճից և հերթական նախաճաշի լուսանկարից, որը նա հրապարակում է ժամը 9-ին կամ 10-ին։ Իհարկե, լինում են բացառություններ. նկարիչը լուսանկարներ չի հրապարակում սգո օրերին, օրինակ՝ ապրիլի 24-ին։ Նկարչի երևակայությունն անսահման է, ամեն անգամ նա հորինում է նախաճաշի ձևավորման մանրուքներ։
«Լինում է, որ երեկոյան գրում են և հարցնում, թե ի՞նչ եմ պատրաստելու հաջորդ օրը։ Բայց ես ինքս էլ չգիտեմ, քանի որ որոշում եմ առավոտյան՝ կախված տրամադրությունից և սառնարանի պարունակությունից», - ասաց դիզայները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
View this post on Instagram
Երիցյանի որոշ բաժանորդներ հրապարակումից հետո նույնպիսի նախաճաշ են պատրաստում, լուսանկարում և ուղարկում նկարները դիզայներին։
«Ոմանց հետ ես արդեն ծանոթացել եմ։ Հաճելի է, որ իմ գաղափարը դուր է գալիս մարդկանց», - խոստովանեց նկարիչը։
View this post on Instagram
Երիցյանը նախաճաշին հաճախ նախընտրում է ձու, գիտի պատրաստման տարբեր բաղադրատոմեր։ Որպես ափսե կարող է ծառայել հացը կամ ուրիշ մթերք։ Օգտատերերը հետաքրքիր են համարում նախաճաշի նման մատուցումը և ողջունում դիզայների ստեղծագործ մոտեցումը։ Նկարիչը գնում է և հավաքում գեղեցիկ սպասք, բայց պատահում է նաև, որ նրան նվիրում են խոհանոցային կահ-կարասի։
View this post on Instagram
«Ես շատ օրիգանալ ամաններ եմ նվեր ստացել։ Դրանք թե՛ հայ վարպետների կերամիկական աշխատանքներ են, թե՛ իտալական, թե՛ անգլիական սպասք։ Ինքս նույնպես հաճախ եմ գնում։ Այսօր գնել եմ զանգակի տեսքով կորալագույն ափսե», - պատմեց նա։
View this post on Instagram
Նկարիչը խոստովանեց, որ իր տրամադրությունը կարելի է հասկանալ նախաճաշի ձևավորումից՝ գույնով, մթերքներով և նույնիսկ ընտրված սպասքով, սովորաբար նախաճաշից հետո ամեն ինչ փոխվում է։ Երիցյանը խորհուրդ է տալիս չալարել և անպայման նախաճաշել առավոտյան, զարդարել առավոտը և օրը լիցքավորել դրական էներգիայով։ Նա խորհուրդ է տալիս հունվարի 1-ը սկսել սիրելի սուրճից և սառը շամպայնից։
