Սիմոն Մարտիրոսյան. աշխարհի չեմպիոն ու ռեկորդակիր
Հայ ծանրորդն այս տարվա նոյեմբերի 9-ին իր վստահ ելույթով պարզապես հիացրեց մարզաշխարհին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում: Հրում վարժությունում և երկամարտում նա աշխարհի նոր ռեկորդներ սահմանեց ու նվաճեց երկրագնդի ուժեղագույնի կոչումը:
Գոռ Մինասյան. աշխարհի փոխչեմպիոն
Գյումրեցի ծանրորդն աշխարհի առաջնությունում արժանի մրցակցություն ծավալեց օլիմպիական գերծանր քաշային կարգում ու նոյեմբերի 10-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:
Ֆերդինանդ Կարապետյան. Եվրոպայի չեմպիոն
Տասներեք տարվա ընդմիջումից հետո հայ ձյուդոիստը նվաճեց հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Ֆերդինադ Կարապետյանը վերելքով անցկացրեց ամբողջ մրցաշարը ու, գետնելով բոլոր մրցակիցներին, ապրիլի 28-ին Թել Ավիվում (Իսրայել) դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Արթուր Ալեքսանյան. Եվրոպայի չեմպիոն
Անվանի ըմբիշը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում հերթական անգամ ուժեղ էր իր բոլոր մրցակիցներից: «Ճերմակ արջը» Եվրոպայի քառակի չեմպիոն դարձավ մայիսի 2-ին։ Օլիմպիական չեմպիոնը կարող էր և ավելիին հասնել աշխարհի առաջնությունում, բայց վնասվածքի պատճառով նույնիսկ մրցագորգ դուրս չեկավ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Մաքսիմ Մանուկյան. Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Աշխարհի գործող չեմպիոնը մեկ շնչով անցավ նաև Եվրոպայի 2018 թվականի առաջնությունը` իրեն հավասարը չունենալով ոչ մի գոտեմարտում: Մայիսի 2-ին նա ճանաչվեց Եվրոպայի 2018 թ–ի չեմպիոն։ Իսկ ահա աշխարհի առաջնությունում վնասվածքը խանգարեց կրկնել նախորդ տարվա հաջողությունը, բայց միևնույնն է` նա այստեղ էլ մեդալ նվաճեց, միայն թե` բրոնզե:
Վլադիմիր Հարությունյան և Լև Սարգսյան. Եվրոպայի առաջնության երրորդ տեղ
Այս մարզիկներն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին մեդալը նվաճեցին ջրացատկի մրցումներում: Աշտարակից սինքրոն ցատկերի մրցումներում հայկական զույգն այս տարվա օգոստոսի 9-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում բոլորին անակնկալ մատուցեց իր գեղեցիկ ու սլացիկ ցատկերով և նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:
Էդգար Ստեփանյան. մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Այս հիանալի մարզիկը շարունակում է իր վերելքը մի մարզաձևում, որում, անկեղծ ասած, հաջողության հասնելը հայ հեծանվորդների համար շատ դժվար է: Իր աշխատասիրության ու նվիրվածության շնորհիվ Էդգարը օգոստոս 24–ին Շվեյցարիայում դարձավ հեծանվավազքի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության հաղթող։ Տարվա ընթացքում նա Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելացրեց բարձր կարգի մի շարք մրցումների հաղթողի կոչումը։
Գրիգոր Մխիթարյան. աշխարհի փոխչեմպիոն
Սամբոն օլիմպիական մարզաձև դառնալու բոլոր հնարավորություններն արդեն ունի, և եթե դա տեղի ունեցավ, հայ սամբիստները կարող են մեծ նվաճումեր ունենալ այս մարզաձևում: Նման հավակնություններ, անկասկած, կունենա նաև Գրիգոր Մխիթարյանը, որն այս տարվա աշխարհի առաջնությունում միայն մրցավարների «օգնությամբ» պարտվեց մրցակցին ու նոյեմբերի 9-ին Ռումինիայի Բուխարեստ քաղաքում արծաթե մեդալ նվաճեց:
Արթուր Թովմասյան. Աշխարհի առաջնության 4-րդ տեղ
Հայ մարմնամարզիկն առաջին տարին չէ, որ ուրախացնում է իր ելույթներով ու նվաճումներով: Ճիշտ է` 2018 թվականին Արթուրը մեդալ չունեցավ Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում, բայց երկու մրցաշարերում էլ շատ մոտ էր դրան: Իսկ աշխարհի առաջնությունում գրանցած չորրորդ տեղը վկայում է, որ Թովմասյանը դեռևս իր խոսքը կասի 2019 թվականին:
Մարկոս Պիզելի. Ղազախստանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղացող բրազիլացի ֆուտբոլիստը շատ լավ տարի անցկացրեց: Հանդես գալով Ղազախստանի առաջնությունում` Պիզելին «Ակտոբեի» կազմում դարձավ լավագույն ռմբարկու, մի քանի վարկածներով ճանաչվեց որպես Ղազախստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ մեր ազգային հավաքականի կազմում իր վստահ խաղով աչքի ընկավ որպես առաջատար: