Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հասցրել է ծանոթանալ մարզի բոլոր խնդիրներին, եղել է բոլոր գյուղերում, լսել յուրաքանչյուրին, փորձել են լուծել բոլոր այն խնդիրները, որոնք արագ լուծում են պահանջել։
«Մյուս խնդիրները հաշվառել ենք, համարակալել և ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության կփորձենք գտնել միջոցներ և լուծումներ գտնել»,– ասաց նա։
Ըստ Սարգսյանի` մարզը փոքր է, բայց մեծ խնդիրներ ունի` գյուղեր տանող ճանապարհներ, ջրամբարներ, ոռոգման և խմելու ջրի խնդիր։
«Ինչպես քարոզարշավի ժամանակ էի ասում, յուրաքանչյուրի աջակցությամբ կլուծենք դրանք»,– ասաց նա։
Մարզպետն անդրադարձավ նաև սահմանային գոտու իրավիճակին։
«Իմ պաշտոնավարման ընթացքում սահմանային գյուղերում լարվածություն չի եղել, գյուղերի վրա կրակոցներ չկան, մեր դիրքերն ամուր են»,– ասաց նա։
Տրդատ Սարգսյանը Վայոց Ձորի մարզպետ է նշանակվել հոկտեմբերի 10–ին։