ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Երգիչ Սպիտակցի Հայկոն այսօր տեսաուղերձ է հրապարակել Instagram–ի իր էջում և նշել, որ ինքը որպես վկա է հանդես գալիս Երևանի Խանջյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի առնչությամբ հարուցված քրեական գործում։
«Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից, իսկ ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց: Քննությունը կատարվում է ոչ թե իմ, այլ վրաերթ կատարող վարորդի վերաբերյալ: Ես այդ գործով հանդիսանում եմ որպես վկա: Իմ բոլոր համերգները տեղի են ունենալու: Վերջում ցավակցում եմ մահացածի բոլոր հարազատներին և ցանկանում եմ՝ երբեք նման դեպքեր տեղի չունենան»,– ասում է երգիչը։
Հիշեցնենք` երեկ՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։
Վարորդը զանգել էր շտապօգնության համարով և փորձել էր օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն կնոջը երկրորդ անգամ վրաերթի էր ենթարկել արագ ընթացող Range Rover–ը։
Իիրավապահները դեկտեմբերի 14-ին հայտնաբերել են Երևանում՝ Խանջյան փողոցում, դեկտեմբերի 14-ին Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդին և նրա ավտոմեքենան։ Վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղևոնդյանը, որը հանրությանը հայտնի է երգիչ «Սպիտակցի Հայկո», իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC 777 RUS համարանիշի։