ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀՀ Զինված ուժերի համար պետք է լրացուցիչ 2,5 միլիարդ դոլար գտնել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ասել եմ, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում մենք պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման համար ներդնել շուրջ 2.5 մլրդ դոլար: Եվ այդ միջոցները գտնելու ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տանենք: Խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ներդնել նաև զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման համար»,- ասաց նա:
Հիշեցնենք` Հայաստանի բյուջետային քաղաքականության կանոններով` պաշտպանության վրա պետք է ծախսվի ՀՆԱ–ի առնվազն 4%։ 2019 թվականին դրա համար նախատեսվել է 256 միլիարդ դրամ կամ 530 միլիոն դոլարից մի փոքր ավելի։