ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Երևանի Կենդանաբանական այգում այսօր առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել. բեզոարյան այծերից մեկին հայտնաբերել են սատկած վիճակում:
Այս մասին տեղեկացնում են Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից։
Բեզոարյան այծի այս առանձնյակը երկուշաբթի օրը` դեկտեմբերի 10–ին, հայտնվել էր իր ազատավանդակից և Կենդանաբանական այգու սահմաններից դուրս, սակայն այգու աշխատակիցների ջանքերով նորից վերադարձվել է այնտեղ:
Կենդանին այդ ազատավանդակում բնակվում էր 2013 թվականից՝ ծնվելու օրվանից: Հանգամանալից ուսումնասիրությունը կպարզի, թե ինչու էր կենդանին փախել իր տարածքից և ինչն է դարձել նրա անկման պատճառը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում պատահարներն ու անցանկալի իրադարձությունները հաճախակիացել են Կենդանաբանական այգում:
Թունավորման հետևանքով զեբրի, կոկորդիլոսի և մյուս կենդանիների անկման հետ կապված ցավալի դեպքերի՝ դեռևս իրավապահների կողմից չպարզված հանգամանքների ֆոնին այսօր էլ սատկել է բեզոարյան այծերից մեկը։
Կենդանաբանական այգու տնօրինության կարծիքով` Այգու շուրջ ծավալված իրադարձություններում անհնար է չնկատել հետևողականություն և ցանկալիին հասնելու պայքար:
«Համոզված ենք, որ քանի դեռ իրավապահ մարմինները ամբողջ ուժով և ծավալով չեն զբաղվել վերջին շրջանում Կենդանաբանական այգում տեղի ունեցած իրադարձություններով և դրանց մեղավորները չեն պատժվել, այս իրավիճակը շարունակական է լինելու։
Ի դեպ, այս դեպքը կրկին մատնացույց է անում Կենդանաբանական այգու տնօրինության բազմիցս բարձրացրած՝ Այգու ամբողջական տարածքի ցանկապատման խնդրի ակտուալությունը»,–ասված է հաղորդագրության մեջ
Կենդանաբանականում այժմ կա 12 բեզոարյան այծ, որոնցից երեքը այգում ծնվել են այս տարի: