ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին ողջունել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրությունը՝ հույս հայտնելով, որ Իրան-Հայաստան երկկողմ հարաբերություններն ավելի կխորանան: Այս մասին հայտնում է mehrnews.com–ը։
Ղասեմին ողջունել է «Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների միտումը»։
Նա նաև նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականությունում հարևան պետությունների հետ հարաբերությունները միշտ էլ առանձնահատուկ տեղ են ունեցել, քանի որ դա տարածաշրջանային կայունության, բարգավաճման ու անվտանգության համար վճռական նշանակություն ունի:
Նշենք, որ ԿԸՀ–ի նախնական տվյալներով` ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է քվեների 4.70%–ը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%–ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 3.89%–ը, «Իմ քայլը» դաշինքը` 70.43%–ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6.37%–ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0.51%–ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%–ը, «Մենք» դաշինքը` 2. 00%–ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0.99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8.27%–ը։