ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտոնական պատվիրակությունը` նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, կմասնակցի Վրաստանի նորանշանակ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու երդմնակալության արարողությանը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից։
Զուրաբիշվիլու երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 16-ին Թելավի քաղաքում (Կախեթի շրջան)։ Հյուրերի ընդունելությունը նախատեսվում է կազմակերպել Թելավիից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ծինանդալի գյուղում։
Պատվիրակության կազմի և այցի օրակարգի մասին մանրամասներ դեռ չեն հայտնում։
Զուրաբիշվիլու երդմնակալության արարողությանն իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Չեխիայի Սենատի նախագահը, Լիտվայի և Սերբիայի խորհրդարանների ղեկավարները, Ռումինիայի փոխվարչապետը, Մոլդովայի արտգործնախարարը և Թուրքմենստանի առևտրի նախարարը։
Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլին հաղթել է Վրաստանում նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում։ Վերջին տվյալների համաձայն` Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,52%–ը։ Նրա մրցակցի` «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել էին ընտրողների 40,48%–ը։