ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան ազդարարել է 2018 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության մեկնարկի մասին, որը կավարտվի դեկտեմբերի 20-ին:
Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Հայաստանի ազգային հավաքականում և ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում առավել աչքի ընկած ֆուտբոլիստները:
Ֆեդերացիան ներկայացրել է ցուցակ`բաղկացած 30 ֆուտբոլիստի անուններից, որոնցից էլ կընտրվի լավագույնը: Ընդ որում, յուրաքանչյուր լրատվամիջոց ունի քվեարկության մեկ ձայն: Ի տարբերություն նախորդ տարվա, որի ընթացքում ՀՖՖ-ն լավագույն մարզիչ չընտրեց, այս տարի այդ ընտրությունը լինելու է: Պարզապես լավագույն մարզչի ընտրության համար հավակնորդների ցուցակ չի ներկայացվել:
Նախորդ տարվա հետ համեմատած` այս տարի չեն քվեարկելու ֆուտբոլային ակումբները, որոնք իրենց թեկնածուների հինգ հոգանոց ցուցակ էին ներկայացնում ֆեդերացիա: Բացի այդ ՀՖՖ-ն ներկայացրել է քվեարկության իրավունք ստացած մարզական լրագրողներին, կայքերին և հեռուստաընկերություններին: Sputnik Արմենիան նույնպես քվեարկելու է լավագույն ֆուտբոլիստի ու լավագույն մարզչի համար: Լավագույն ֆուտբոլիստների թեկնածուների ցուցակը կարող էք տեսնել այստեղ:
Հիշեցնենք, որ 2017թ.–ին, հավաքելով 190 միավոր,. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որ 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: