ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Ընտրության գնալու ամենակարևոր պայմանը անձը հաստատող փաստաթղթի առկայությունն է։ Այս մասին ԿԸՀ–ում հրավիրված հանդիպմանը ընտրողներին հիշեցրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը` հավելելով, որ Հայաստանում անձը հաստատող 3 փաստաթուղթ է ընդունված` անձնագիր, կենսաչափական անձնագիր ու նույնականացման քարտ, որոնցից մեկը ընտրողը պետք է իր հետ վերցնի ընտրատեղամաս գնալիս։
«Տնից դուրս գալիս ընտրողները պետք է համոզվեն, որ հենց իրենց անձը հաստատող փաստաթուղթն են վերցրել և ոչ թե ընտանիքի այլ անդամի»,– ասաց Արմեն Սմբատյանը։
Իսկ արդեն ընտրական տեղամաս հասնելով` ընտրողը պետք է անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնի հանձնաժողովի անդամին, որն այն ստուգելուց հետո մատնահետքով պետք է ստուգի դրա համապատասխանությունը ներկայացնող անձի հետ և ընտրողին տրամադրի քվեարկության կտրոնը։
«Քվեարկության կտրոնը շատ կարևոր փաստաթուղթ է, որն այդ պահից հանդիսանում է անձը հաստատող փաստաթուղթ։ Դրա կորցնելու դեպքում ընտրողն ուղղակի զրկվում է ընտրելու իրավունքից»,– ասաց Սմբատյանը։
Կտրոնը ներկայացնելուց ու ընտրողների ցուցակում գրանցվելուց հետո քաղաքացին ստանում է 11 քվեաթերթիկ` ընտրությունների մասնակից բոլոր քաղաքական ուժերի անուններով։
Արդեն քվեախցիկում ընտրող պետք է ընտրի դրանցից միայն մեկը։ Բացի այդ յուրաքանչյուր քվեաթերթիկի հետևում կա նաև տվյալ ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային թեկնածուների ցուցակ։ Դրանցից միայն մեկի անվան դիմաց, ցանկության դեպքում, ընտրողը պետք է դնի v-աձև նշան։
Ապա իր ընտրած ու դրա հակառակ կողմում քվեարկած քաղաքական կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկն առանց ծալելու ընտրողը պետք է դնի ծրարի մեջ, որի անկյունում ինքնասոսնձվող դրոշմանիշը ընտրական հանձնաժողովի անդամի փակցնելուց հետո, այն գցի քվեատուփի մեջ։