ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը մնում է բաց։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ոչ մի որոշման չենք հանգել»,– ասաց նա` ի պատասխան բելառուսական կողմի հայտարարության, թե իրենց թեկնածուի նշանակման հարցը որոշված է։
«Որոշումները ՀԱՊԿ–ում կայացվում են կոնսենսուսով։ ՀԱՊԿ–ի նիստը տեղի չի ունեցել, ու դրանով ամեն ինչ ասված է»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6–ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի վերաբերյալ և տեղեկացրել, որ կազմակերպությունը կգլխավորի Բելառուսի ներկայացուցիչը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղարն այդ տեղեկությունը հերքել էր` պարզաբանելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի որոշվել։