ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանն առաջին անգամ մասնակցողներին հայկական եռագույնով կրծքանշաններ են նվիրում։
«Ես քվեարկել եմ առաջին անգամ», – գրված է կրծքանշանների վրա։
Ռաֆայել Փահլևանյանն անմիջապես քվեարկությունից հետո այդպիսի կրծքանշան ստացավ։ Ընտրական հանձնաժողովի անդամները շնորհավորեցին նրան առաջին քվեարկության կապակցությամբ ու ծափահարեցին։ Երիտասարդը խոստովանեց, որ պահը հուզիչ էր։
«Շատ ինքնատիպ անակնկալ էր։ Ես քվեարկեցի հանուն իմ ու իմ մտերիմների պայծառ ապագայի», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռաֆայելը։
ԿԸՀ-ն քվեարկողների համար 80 000 օրինակ կրծքանշան է պատրաստել։
ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։
Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։