ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 8-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել ուսումնամարզական թռիչք իրականացնող զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի օդաչուների հուղարկավորության արարողությունը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հուղարկավորության արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայողներ, զոհված օդաչուների մարտական ընկերներն ու հարազատները։ Հոգեհանգստյան կարգն անցկացրել է զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի հարազատներին ու մարտական ընկերներին ցավակցական խոսք է հղել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։
Հիշեցնենք` ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռում եղել էին 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը։
Ինքնաթիռը թռիչքային երթուղի է դուրս եկել դեկտեմբերի 4-ին, 10.06-ին Գյումրու օդանավակայանից։ Նրա հետ կապը կորել էր 10.20-ի սահմանում։ ՊՆ–ն հայտնում է, որ հենց այդ պահին է ինքնաթիռը կործանվել։
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն։