ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 62 տան տնամերձ հողամասում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և քաղաքացիական պաշտպանության վարչության հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խմբերը:
Դեպքի վայրում են եղել նաև ՀՀ ՊՆ թիվ N զորամասի սակրավորների խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվել է 122 մմ կոռոզիայի ենթարկված 1 արկ (մարտական վիճակում՝ պայթուցիչով):
Փրկարարները հայտնաբերված արկը տեղափոխել են անվտանգ տարածք և սահմանազատել տարածքը:
Ժամը 15:15-ի սահմաններում ՊՆ թիվ N զորամասի սակրավորների խումբը արկը տեղափոխել է N զորամաս հետագա ոչնչացման նպատակով: