ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Եվրամիությունը 2019 թ.–ին Հայաստանին կտրամադրի 60 միլիոն եվրո։
Այդ մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց ԵՄ պատվիրակության Համագործակցության սեկտորի ղեկավար Գոնսալո Սերանոն:
Դրամաշնորհները կտրամադրվեն տարբեր նախագծերի համար։ Միջոցները կտրամադրվեն մասնավոր հատվածին նորարական տեխնոլոգիաների զարգացումը խթանելու համար։
Մասշտաբային ծրագիրը կիրագործվի «Եվրամիությունը` հանուն նորարարությունների» անվանումով։ Կառավարության և Եվրամիության միջև համագործակցության մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև Նոր տարի։ Ծրագիրը կգործարկվի 2019թ–ի ապրիլից։
«Ծրագրի նպատակն է նպաստել Երևանում, Հայաստանի մարզերում նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը։ Ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կտրամադրվեն գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեխնապարկերի զարգացման համար», – ասել է Սերանոն։
Նրա խոսքով` հատուկ ուշադրություն կդարձվի ստարտափներին։ Դրամաշնորհներ կտրամադրվեն դասագրքերի, ձեռնարկների հրատարակությանը, ուսուցիչների վերապատրաստմանը և այլն։
Տվյալ պահին համագործակցություն է իրականացվում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-8–ին Գյումրիում տեղի կունենա «Մարզերի ուժեղացում` բարձր տեխնոլոգիաների ներգրավմամբ»։ Նպատակն է ներկայացնել մարզերի զարգացման ուղիները բարձր տեխնոլոգիաների միջոցով։