ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը Facebook սոցիալական ցանցում պատասխանել է լրագրողներին հուզող հարցին։
Նա նշել է, որ երեկվանից լրագրողները հարցնում են` եթե Համազգայինի դերասանները չընդունեն միասին աշխատելու ձեր առաջարկը, դուք ի՞նչ կանեք, կսկսեք հերթով հեռացնե՞լ նրանց աշխատանքից։
«Իմ պատասխանը հետևյալն է. եթե դերասանները, կմերժեն իմ առաջարկը` «ՔԱՅԼ ԱՆԵԼ ՄԻԱՍԻՆ» և ծանրակշիռ հիմնավորում կտան իրենց դիրքորոշմանը` ապացուցելով, որ սա պաշտոնի կռիվ չէ, և բոլորը չեն համախմբվել, որպեսզի իրենց թեկնածուն լինի տնից և ինչպես ուզեն, այնպես էլ շարժվեն, եթե նրանց այդ ցանկությունը ինքնանպատակ չէ, այլ նրանց քայլերը ավելի կառուցողական են, քան իմ առաջարկած քայլերը, ապա ես… կգրկեմ բոլորին մեկ առ մեկ, կասեմ, որ սիրում եմ նրանց, հաջողություն կմաղթեմ իրենց գործում և կհետևեմ Համազգայինի գործունեությանը որպես հանդիսատես, որպես Համազգայինի բարեկամ, ընկեր և միշտ լավը կամեցող»,– գրել է նա։։
Հիշեցնենք, որ մոտ 20 օր առաջ Համազգային թատրոնի դերասանները թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանին հայտարարեցին, որ չեն ցանկանում իր հետ աշխատել, պահանջում են նրա հրաժարականը
Մի քանի օր առաջ Չալդրանյանը հրաժարվեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, բայց քանի որ նա դեռ թատրոնի տնօրենն է, որոշեց իր փոխարեն նշանակել ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին։ Դերասանները դեմ են նաև այս որոշմանը։