ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ջորջ Բուշ ավագի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Անհնար է չգնահատել նրա մեծ ներդրումը ժողովուրդների միջև փոխըմբռնման ու երկխոսության հաստատման գործում: Նա մեծ ջանքեր գործադրեց մեր անհանգիստ աշխարհն ավելի լավն ու ավելի ապահով միջավայր դարձնելու համար, իսկ նրա իմաստնությունն ու քաղաքական քաջությունն այս գործում նրա հաջողության գրավականը դարձան: Ես վառ հիշողություններ ունեմ Տեխասում, Լոնդոնում և այլուր մեր ունեցած անձնական հանդիպումներից: Նրա մասին հիշողությունները վառ են նաև Հայաստանում»,- նշված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
Նշենք, որ 94 տարեկան Ջորջ Բուշը մահացել է նոյեմբերի 30-ին։