ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Պետական աջակցություն ունեցող ներդրումային ծրագրերով նախատեսված 3000 աշխատատեղից 2500–ն արդեն ստեղծվել է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով` 312 մլրդ դրամից նախատեսված ներդրումներից իրականացվել է շուրջ 232 մլրդը։ Խոսքը այն ծրագրերի մասին է, որոնք տարբեր տարիներին աջակցություն են ստացել և շարունակում են գործել։
Դրանցից 2018 թվականին աջակցություն են ստացել 29 մլրդ դրամի ծրագրերը։ Այդ ներդրումներից իրացվել է արդեն 8,5 միլիարդը, իսկ նախատեսված 650 աշխատատեղից ստեղծվել է 294–ը։
Դրանք տեղական արտադրության ծրագրերն են, որոնց համար կառավարությունը ԱԱՀ-ի գանձումը հետաձգում է երեք տարով՝ հումքի և սարքավորումների համար:
2018 թվականի հունվար–սեպտեմբերին կապիտալ սարքավորումների (հաստոցների և արտադրության այլ միջոցների) ներկրումը կազմել է 628 մլն դոլար, ինչը 60%–ով շատ է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։