Խոր աշուն, թափվող տերևներ ու Մյասնիկյան պողոտայի մեջտեղում՝ Նորքի Զանգվածի կիրճում իրենց ժամանակավոր կացարանը գտած տարբեր կենդանիներ ու թռչուններ: Ժամանակավոր, որովհետև վայրի կենդանու հիմնական բնակավայրը վայրի բնությունն է, որտեղից, ցավոք, պատմական ինչ-որ ժամանակահատվածում կենդանիներից մի քանի տեսակներ բերվել են կենդանաբանական այգիներ, բազմացվել ու նրանց սերունդներն այսօր չեն էլ գիտակցում, թե ինչ կա իրենց ազատավանդակներից այն կողմ:
Եվ, քանի որ նրանք արդեն անազատության մեջ են և ինչ-որ առումով հետ են վարժվել վայրի բնության մեջ ապրելուն (որտեղ նրանք կարող են որս կամ, որն ավելի վատ է, իրենց տեսակների մյուս ներկայացուցիչների վարքականոնի փոփոխության առիթ դառնալ), մարդը պարտավոր է հոգ տանել կենդանական աշխարհի այս ներկայացուցիչների մասին:
Ի դեպ, կան նաև այնպիսի կենդանատեսակներ, որոնք չէին պահպանվի, եթե չլինեին կենդանաբանական այգիները. դրանցից են, օրինակ, պռժևալսկու ձիերը:
Sputnik Արմենիան վերջերս է եղել Երևանի կենդանաբանական այգում և ֆիքսել, թե ինչպես են իրենց զգում այնտեղի «բնակիչները»:
Այգում մեզ խնդրեցին փոխանցել մեր քաղաքացիներին ու Երևանի հյուրերին, որ Կենդանաբանականը այցելուների համար բաց է ամբողջ տարի:
Իհարկե, լինում են սանիտարական աշխատանքների օրեր (օրինակ՝ ծառերի էտման աշխատանքներ), երբ Այգին ստիպված է լինում փակել դռները այցելուների համար, բայց այդ մասին լրատվամիջոցները նախօրոք տեղեկացնում են հանրությանը: