ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի –Sputnik. Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը քննադտել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հասարակական զուգարանի պատճառով, որը մինչ օրս գտնվում է Վանի նահանգի Արտամեդ քաղաքի հայկական գերեզմանատան պատմական տարածքում։ Այս մասին հայտնում է Turkishminute.com–ը։
«Պարոն նախարար, Արտամեդի հայկական գերեզմանատանը, Վանա լճի մերձակայքում, մինչ օրս զուգարանը կանգնած է։ Դա խայտառակություն է», –Թուրքիայի խորհրդարանում Զբոսաշրջության և մշակույթի նախարարության բյուջեի քննարկման ժամանակ ասել է Փայլանը։
Պատգամավորը հիշեցրել է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախկին նախարարի` զուգարանը քանդելու մասին կարգադրությունը։ Փայլանի խոսքով, Արտամեդի ժամանակավոր ղեկավարը չի կատարել կարգադրությունը, և զուգարանը մինչ օրս չեն վերացրել։
«Դա հարգանքի բացակայություն է», – ընդգել է Փայլանը։
Հայազգի պատգամավորը հայտարարել է նաև, որ ներքին գործերի ներկայիս նախարար Սոյլուն իր գործողություններով մեծ վնաս է հասցնում Թուրքիայի միջազգային իմիջին։
Կարո Փայլանը Էրդողանի ռեժիմի հետևողական քննադատողներից մեկն է, այդ թվում նաև` Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։