ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Նյու Յորքում անցկացված GIF տեսահոլովակների առաջին կինոփառատոնում հաղթող է ճանաչվել Անի Հակոբյանը (Կալիֆոռնիա): Այս մասին հայտնում են Slate և Tubefilter մասնագիտացված կայքերը։
«Ես սիրում եմ կարճամետրաժ ձևաչափը։ Անկեղծ ասած` երբեք չեմ սիրել կինոն», – պարբերականին ասել է Հակոբյանը։
Աղջիկն իրեն անվանում է «վիզուալ պատմող», որը կարճամետրաժ տեսահոլովակներ է ստեղծում GIF ձևաչափով։ Աղջիկը նկարահանումների համար էկզոտիկ վայրեր է ընտրում։
Նա Giphy Film Fest–ի բարձրագույն պարգևը ստացել է անցած շաբաթ «Washed Up» տեսահոլովակի համար, որն ընդամենը 14 վայրկյան է տևում։ 24–ամյա Հակոբյանն այդ տեսանյութը նկարել է Իսլանդիայում։ Նրա խոսքով` նկարահանումների ժամանակ ջրի ջերմաստիճանն այնքան ցածր է եղել, որ դերասանուհին դժվարությամբ է համաձայնել երկրորդ դուբլին։