ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Սարգսյանն այսօր այցելել է սիրված դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանին և նրան հանձնել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման կրծքանշանը և շնորհագիրը:
Նոյեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է շնորհվել հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար:
«Ես մեծ, հաճելի պարտականություն ունեմ, մի բան, որը երևի թե պետք է անեին ինձնից 30-40 տարի առաջ: Կարծում եմ՝ սա մեր ժողովրդի կողմից Ձեր երկար տարիների աշխատանքի ամենաբարձր գնահատականն է: Այս սերը միշտ է եղել, Դուք միշտ եղել եք ժողովրդական արտիստ: Ժողովրդականը հրամանով չի լինում, լինում է ժողովրդի միջից»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով բարձր կոչման ու պարգևի համար՝ Երվանդ Մանարյանն ասել է, որ այն իր ողջ անցած կյանքի գնահատականն է:
«Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է»,-արձագանքել է Հանրապետության նախագահը:
Նախագահ Սարգսյանը պարզ ու մտերմիկ զրույց է ունեցել մեծանուն արտիստի հետ, որին հիշում է դեռ իր մանկության տարիներից, իր ծնողների հետ համատեղ ընկերական և բարեկամական հավաքներից:
Արմեն Սարգսյանն ասել է, որ այդ հեռավոր տարիների մասին պատմող լուսանկարները պահպանվում են իր ընտանեկան ալբոմներում:
«Լուսանկարներից բացի, մնում են նաև հիշողությունները»,- ավելացրել է նախագահ Սարգսյանը և հիշել մանուկ հասակում Երվանդ Մանարյանի հետ կապված հետաքրքիր դեպքեր:
Սիրված արտիստն ու նախագահ Սարգսյանը ջերմ և անկեղծ մթնոլորտում զրուցել են արվեստի, մշակույթի մասին։