ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները կառավարությունից պահանջում են օրակարգից հանել կենտրոնի 2 մասնաշենքերն օտարելու որոշման նախագիծը: Այս պահանջով նրանք այս պահին հավաքված են կառավարության շենքի դիմաց, որտեղ ընթանում է կառավարության հերթական նիստը:
Կենտրոնի աշխատակիցները վստահեցնում են, որ որոշման նախագիծը մշակվել է առանց իրենց կարծիքը հաշվի առնելու ու անհրաժեշտ ուսումնասիրություններ անելու:
«Մենք խիստ վրդովվածենք,որովհետև տարիներ շարունակ, երբ գիտության վիճակն այդքան վատ էր, մեր կոլեկտիվը պահեց ինստիտուտը` հույս ունենալով, որ կգա մի ժամանակ, երբ գիտության մասին կգիտակցեն ու կհասկանան, թե ինչ է նշանակում երկրի համար գիտությունը: Այստեղ հավաքված մարդիկ տարիներ շարունակ էնտուզիազմով են աշխատել` առանց աշխատավարձի, չնչին գումարներով: Ինչ է նշանակում օտարել ինստիտուտը: Այդ երկու կորպուսներում այսօր մարդիկ են աշխատում, մենք ոչ թե ծերացած ինստիտուտ ենք, այլ շատ երիտասարդ աշխատակիցներ ունենք»,- ասաց կենտրոնի գիտաշխատող Արենուհի Գրիգորյանը: